31/08/2026
Ամառը եզրափակենք կարևոր հաղթանակով...
«Ամուսինների՝ համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը համատեղ սեփականություն է»:
Իսկ ի՞նչ, եթե ձեզ ասենք, որ իրավական պրակտիկային հայտնի այս բանաձևը այնքան էլ միանշանակ չէ, և որ գույքը կարող է ճանաչվել ամուսիններից մեկի սեփականությունը, եթե վերջինս ապացուցի և հիմնավորի, որ գույքը սեփական դրամական միջոցների փոխակերպումն է միայն։
Սրա վառ ապացույցն է վերջերս «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական ընկերության ավագ իրավաբան, փաստաբան Գոհար Ավագյանի հաղթանակը առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում թիվ ՏԴ/0113/02/26 քաղաքացիական գործով։
Այսպես, հիմնվելով Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/36794/02/19 քաղաքացիական գործով վերջին տարիներին ձևավորած պրակտիկայի վրա՝ մեր փաստաբանական թիմը կարողացել է ապացուցել, որ չնայած գույքը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում, դրա 100 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ամուսիններից մեկին՝ հիմնավորելով ներքոնշյալ՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները․
1) ամուսիններից ու՞մ կողմից և ե՞րբ է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,
2) ինչպիսի՞ հիմքով է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,
3) ե՞րբ է օտարվել ամուսնու անձնական գույքը և ինչպիսի՞ հատուցում է կատարվել այդ գույքի օտարման գործարքով (որքա՞ն գումար է վճարվել, ինչպիսի՞ գույք է տրամադրվել),
4) օտարումից հետո ե՞րբ է ձեռք բերվել նոր գույքը,
5) արդյո՞ք ամուսնության ընթացքում նոր գույքը ձեռք է բերվել հենց այն միջոցների հաշվին, որոնք ստացվել են անձնական գույքի օտարման արդյունքում,
6) ամուսինների միջև առկա՞ է արդյոք ամուսիններից մեկի անձնական գույքի իրացման արդյունքում ստացված միջոցները խնայելու, օգտագործելու կամ տնօրինելու, կամ այդ միջոցների կամ նաև այդ միջոցների հաշվին ձեռք բերված այլ գույքի իրավական ռեժիմը որոշելու մասին կամ որևէ այլ վերաբերելի համաձայնություն:
Ըստ այդմ, մեր կողմից վերը բարձրացված հարցի պատասխանը թաքնված է հենց վերոնշյալ հանգամանքների գնահատման վրա, դե իսկ դուք կարող եք իմանալ, որ ձեր սեփականության իրավունքը կարող եք պաշտպանել անգամ համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքի առնչությամբ։
Կարևոր է հիշել միայն, որ անձնական դրամական միջոցի՝ այլ գույքի վերածվելու պարագայում իրավունքի փոխակերպված օբյեկտի (համապատասխանաբար՝ դրամական միջոցների և դրանց հաշվին ձեռք բերված այլ գույքի) նկատմամբ ևս ծագում է անձնական, այլ ոչ՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք՝ անկախ նշված փաստն ամուսնության ընթացքում տեղի ունեցած լինելու իրողությունից, քանի որ անձնական գույքի (դրամական միջոցի) հարկադիր փոխակերպումը համատեղ գույքի համաչափ չէ սեփականության իրավունքի սահմանափակման ողջամիտ հիմքերին։