07/05/2021
Դիմել ե՞ք Վարչական Մարմնին։ ❓
– Սահմանված ժամկետում դիմումի բավարարում կամ մերժում չե՞ք ստացել,
– Չե՞ք ստացել ոչ մի ծանուցում գործի ընթացքի վերաբերյալ
➡️ Ապա գործում է բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը, այսինքն՝ կարող եք դիմել վարչական մարմնին՝ ձեր դիմումի բավարարման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը ստանալու վերաբերյալ:
📢 Մասնավորապես՝
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝
3. Եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
4. Վարչական մարմինը սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում:
↘️
Իսկ համաձայն ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործի որոշմամբ՝ անդրադարձել է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին և արձանագրել հետևյալը. « Օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հետ կապված ընդհանուր իրավակարգավորումներն օրենսդիրը սահմանել է վերը նշյալ 48-րդ հոդվածով, որը նախատեսում է վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտը նշված իրավադրույթի ուժով որոշ դեպքերում կարող է համարվել ընդունված և առաջացնել այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքները: Տվյալ դեպքում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու և օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված:
🧑⚖️Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավական կառուցակարգը բխում է յուրաքանչյուրի՝ վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի՝ որպես 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղադրատարրերից մեկի պաշտպանության անհրաժեշտությունից:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը, ըստ էության, հաստատում է իրավական համակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտի ձևական-իրավաբանական գոյությունը և սպառիչ տեղեկություններ է պարունակում այն կոնկրետ իրավունքի մասին, որը համարվում է անձին տրամադրված տվյալ վարչական ակտով: