19/09/2019
Հարգելի օգտատերեր,
շարունակելով ֆուտբոլային տրանսֆերային համակարգի զարգացման թեման, այսօր կանդրադառնանք 1995թ. Եվրոպական դատարանի որոշմանը՝ «Բոսմանն ընդդեմ Բելգիայի թագավորության» գործով, որը դարձավ ֆուտբոլում ներկայումս գործող տրանսֆերային համակարգի հիմքը:
1990թ. օգոստոսին բելգիացի ֆուտբոլիստ Ժ. Մ. Բոսմանը, իր ակումբի՝ «Լիեժի» հետ պայմանագրի ավարտից հետո առաջարկ էր ստացել ֆրանսիական «Դյունկերկ» ակումբից: «Լիեժը» Բոսմանի տրանսֆերը գնահատել էր 100.000 դոլար և չէր համաձայնում ֆուտբոլիստին բաց թողնել մինչև նշված գումարի ստացումը: Քանի որ «Դյունկերկը» չէր շտապում գումարը վճարելու հարցում, ֆուտբոլիստը հայտնվել էր անորոշ վիճակում՝ չկարողանալով հանդես գալ ակումբներից և ոչ մեկում: Արդյունքում, վերջինս որոշել էր դիմել դատարան և վիճարկել տրանսֆերային համակարգի օրինականությունը:
Լիեժի դատարանը, չկարողանալով վերջնական եզրահանգման գալ խնդրի շուրջ, գործը փոխանցում է Լյուքսեմբուրգի արդարության եվրոպական դատարան:
Գործի քննության ընթացքում Եվրոպական դատարանը, ի թիվս այլի, պետք է պատասխաներ հետևյալ հարցին. Արդյոք 25.03.1957թ. Հռոմի պայմանագիրը աշխատանքային, ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության կանոնակարգման մասին կարելի է մեկնաբանել որպես՝
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստի տեղափոխության համար փոխհատուցում պահանջելու արգելք:
15.12.1995թ. դատարանը կայացրեց սենսացիոն որոշում:
Խաղացողների տեղափոխության կանոնների կապակցությամբ դատարանը եզրակացրեց, որ դրանք անմիջականորեն սահմանափակում են աշխատողների ազատ տեղաժարշի իրավունքը՝ հակասելով Հռոմի պայմանագրի 48-րդ հոդվածի դրույթներին: Անդրադառնալով այն հարցին, թե նման սահմանափակման նախատեսումը բխում է արդյոք հանրային շահից, դատարանը չընդունեց ազգային ֆեդերացիաների փաստարկներն այն մասին, որ փոխհատուցման վճարումն օգնում է պահպանել ակումբների միջև հավասարակշռությունը, ինչպես նաև շահագրգռում է ակումբներին գումարներ ծախսել երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու ուղղությամբ: Դատարանը գտավ, որ այդ նպատակներին կարելի է հասնել այլ միջոցներով, չսահմանափակելով խաղացողների ազատ տեղաշարժման իրավունքը:
Այսիպիսով, տրանսֆերային համակարգը, ըստ որի ֆուտբոլիստի տեղափոխության համար նոր ակումբը նախկին ակումբին պետք է գումար վճարեր նույնիսկ այն դեպքում, երբ նախկին ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել էր, ճանաչվեց անօրինական: