14/03/2020
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ "ART OF LAW" ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՏՆՕՐԵՆ, ՓԱՍՏԱԲԱՆ ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ։
Վճռաբեկ բողոքը վերաբերվում է այն հարցին, թե ինչպես պետք է վարվի դատարանն այն դեպքում, երբ գումարի բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու հայցապահանջի մասին գործով պարզում է, որ գրավատու հանդիսացող պատասխանողը հայցի հարուցման պահի դրությամբ արդեն իսկ մահացած է եղել։ Այլ կերպ ասած՝ գործը հարուցվել է մահացած և գոյություն չունեցող սուբյեկտի դեմ։ Դատարանը պետք է կասեցնի՞ գործի վարույթը՝ մինչև իրավահաջորդության կատարումը, թե՝ պետք է կարճի՞։ Եվ նման իրավիճակում արդյոք կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի կարգավորումն առ այն, որ գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:
Քաղաքացիական գործով դատարանը վկայակոչել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերոնշյալ կարգավորումը, գտել էր, որ անկախ ամեն ինչից՝ մահացած պատասխանողի իրավահաջորդը ստանձնելու էր գրավատուի տեղը, և այդ հիմնավորմամբ շարունակել էր գործը քննել ու հայցը ամբողջությամբ բավարարել էր՝ գումարի բռնագանձումը տարածելով մահացած գրավատուին պատկանող գրավադրված գույքի վրա։ Գործը քննվել է նախկին քաղ․ դատ․ օրենսգրքով։
Վճռաբեկ բողոք ներկայացվել է մահացած պատասխանողի անչափահաս ժառանգի խնամակալի կողմցի։ Մեր պնդմամբ՝ դատարանը պարտավոր էր գործի վարույթը կարճել, քանի որ գոյություն չունեցող՝ մահացած, սուբյեկտի դեմ չի կարող գործ քննվել։