Հանրային պաշտպանի գրասենյակ / The Public Defender's Office

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հանրային պաշտպանի գրասենյակ / The Public Defender's Office

Հանրային պաշտպանի գրասենյակ / The Public Defender's Office Հանրային պաշտպանի գրասենյակը հիմնադրվել է ՀՀ սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։

ԳՈՐԾ №0290․ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՃԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ՄՀԵՐ Մ...
27/08/2026

ԳՈՐԾ №0290․ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՃԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ՄՀԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ)

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում.

Գործը վերաբերում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքին: Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2012 թվականին գումար է տրամադրել մեկ այլ քաղաքացու, և գրավի պայմանագրի փոխարեն կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով իբր հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող անշարժ գույքը:

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.

Հանրային պաշտպան Մհեր Մանգասարյանը, ստանձնելով քաղաքացու պաշտպանությունը, հիմնավորեց, որ կողմերի միջև առկա է եղել բացառապես քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություն: Պաշտպանական կողմը և դատարանն արձանագրեցին, որ գույքային շրջանառության և պայմանագրային պարտավորությունների կատարման հարցերն արդեն իսկ լուծվել էին քաղաքացիական դատավարության կարգով (դատարանն այն ճանաչել էր որպես փոխառության և գրավի քողարկված գործարք): Հիմնավորվեց, որ քաղաքացիական վեճը չի կարող տեղափոխվել քրեական տիրույթ, և դիտավորյալ հանցագործության (խարդախության) պարտադիր հատկանիշ հանդիսացող՝ ի սկզբանե գույքը հափշտակելու դիտավորությունը բացակայում է:

3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.

Այս գործն աչքի էր ընկնում իր վաղեմությամբ և բարդությամբ: Դեպքերը տեղի էին ունեցել դեռևս 2012 թվականին, իսկ քրեական վարույթը նախաձեռնվել և տևական ժամանակ քննվել էր 2017 թվականից ի վեր: Շահառուն տարիներ շարունակ ստիպված է եղել անցնել դատաքննությունների և հարցաքննությունների բարդ ճանապարհով՝ կրելով ծանր հոգեբանական բեռ: Չնայած առաջադրված ծանր մեղադրանքին՝ նա և իր պաշտպանը չհանձնվեցին և սկզբունքային պայքար մղեցին՝ ապացուցելու, որ անձանց միջև ծագած ֆինանսական և գույքային պայմանագրային տարաձայնությունները քրեորեն պատժելի հանցագործություն չեն:

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Ժ. Չիչոյանի), գնահատելով ապացույցները, արձանագրեց, որ ներկայացված մեղադրանքը չի հաստատվում անհրաժեշտ և բավարար ապացույցների համակցությամբ, և առկա են ողջամիտ կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դատարանը փաստեց, որ քաղաքացիական վեճը չի կարող լուծվել քրեաիրավական կարգավորումների շրջանակներում: Դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ՝ ճանաչելով և հռչակելով Գրասենյակի շահառուի անմեղությունը՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով, ինչպես նաև վերացրեց կիրառված խափանման միջոցը:

5. Պաշտպանի մասնագիտական ուղին.

Մհեր Մանգասարյանը Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի է անցել 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելուց հետո, որտեղ երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին: Նա, հայրենազրկման վիշտը սրտում, կարողացավ վերակազմակերպվել և իր գիտելիքները դնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության վեհ գործին: Այս բարդ և բազմադրվագ գործով դրսևորեց իրավական խորը գիտելիքներ և մասնագիտական պատասխանատվություն: Դրսևորելով հետևողականություն և բացառիկ բարեխղճություն՝ նա կարողացավ հստակ տարանջատել քրեական հանցագործությունը քաղաքացիաիրավական վեճից՝ ապահովելով անձի հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այս սկզբունքային հաղթանակը պաշտպանի մասնագիտական նվիրումի և բարձր հմտության հերթական վառ վկայությունն է:
--------------
Տե՛ս ՀՊԳ պաշտոնական կայքում ⬇️

Գործը վերաբերում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքին: Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել...

ԳՈՐԾ №3373․ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ՝ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ)1. Ինչի՞ մասին...
25/08/2026

ԳՈՐԾ №3373․ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ՝ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ)

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում.
Գործը վերաբերում էր պայմանագրային զինծառայողի կողմից թմրամիջոց գործածած վիճակում ծառայության ներկայանալու մեղադրանքին։ Գրասենյակի շահառու, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ վերջինս ապրիլի 13-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործածել էր թմրամիջոց և այն գործածած վիճակում ներկայացել ծառայության վայր։

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.

Հանրային պաշտպանը, ստանձնելով զինծառայողի պաշտպանությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, վիճարկեց մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների բավարարությունն ու գնահատականը: Պաշտպանական կողմը և դատարանն արձանագրեցին առանցքային մի հանգամանք. օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ թե առհասարակ թմրամիջոց օգտագործած լինելու փաստի (օրգանիզմում հետքերի առկայության), այլ անմիջապես թմրամիջոցի ազդեցության տակ՝ այն գործածած վիճակում ծառայության ներկայանալու համար: Թեև դատաբժշկական փորձաքննությամբ շահառուի փորձանմուշներում հայտնաբերվել էին թմրամիջոցի հետքեր, սակայն փորձագետը չէր կարողացել հստակ նշել թմրամիջոցի գործածման կոնկրետ օրը և ազդեցության պահպանման ստույգ ժամանակահատվածը, այլ միայն մատնանշել էր մինչև 10 օրվա վաղեմություն: Դրան գումարվել էին նաև զորամասի հրամանատարական կազմի ցուցմունքներն այն մասին, որ շահառուն դրական է բնութագրվում, բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, և նրա մոտ ծառայության ընթացքում երբևէ ոչ ադեկվատ վիճակ կամ տարօրինակ վարքագիծ չի նկատվել:

3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.

Այս գործում մարդկային գործոնը շատ կարևոր էր: Զինծառայողը, ով իր հրամանատարների կողմից բնութագրվում էր որպես բարեխիղճ և պարտաճանաչ ծառայող, անկեղծորեն հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել նախկինում՝ ակումբներից մեկում ընկերոջ հրավերին մասնակցելիս, իսկ ծառայության վայրում նա երբևէ խախտում թույլ չի տվել։ Չնայած առաջադրված խիստ մեղադրանքին և այն հանգամանքին, որ օրգանիզմում հայտնաբերվել էին հետքեր՝ շահառուն չընկրկեց։ Նա և իր հանրային պաշտպանը սկզբունքային պայքար մղեցին՝ ապացուցելու համար, որ ծառայությունից դուրս կատարված նախկին արարքի հետևանքով մնացած հետքերը չեն նշանակում, որ զինծառայողը պարտականությունները կատարելիս գտնվել է ոչ սթափ վիճակում։

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Է. Ավագյանի), գնահատելով ապացույցները, արձանագրեց, որ մեղադրանքը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա: Դատարանը փաստեց, որ ներկայացված ապացույցներով՝ այդ թվում փորձագիտական եզրակացությամբ, չի հաստատվում անմիջապես թմրանյութ գործածած վիճակում շահառուի՝ ծառայության ներկայանալու հանգամանքը, և եղած կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։
Դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ՝ ճանաչելով և հռչակելով Գրասենյակի շահառուի անմեղությունը նրան մեղսագրվող արարքի կատարման մեջ՝ հանցանքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով: Միաժամանակ, վերացվեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

5. Պաշտպանի մասնագիտական ուղին.

Հանրային պաշտպան Արսեն Խառատյանը Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատանքի է անցել մրցութային կարգով։ Փաստաբանական գործունեության փորձառության պակասը վերջինս արագ լրացրեց իր ջանասիրությամբ և շատ կարճ ժամանակահատվածում ապացուցեց իր պրոֆեսիոնալիզմը: Դրսևորելով բարձր պատասխանատվություն, հետևողականություն և բացառիկ բարեխղճություն՝ Արսեն Խառատյանն արագորեն համալրեց լավագույնների շարքերը: Այս սկզբունքային հաղթանակը նրա մասնագիտական նվիրումի հերթական վառ վկայությունն է։
__________
Տե՛ս Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքում
https://hpg.am/am/site/PublicAwarenessDetails/115

24/08/2026

Երևանում և մարզերում Հանրային պաշտպանները Ձեր կողքին են՝ վստահելի, անվճար և որակյալ իրավաբանական օգնությամբ⚖️

📌Անվճար իրավաբանական օգնությունն իրականացնում է Հանրային պաշտպանի գրասենյակը՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված մասնագիտական պաշտպանություն օրենքով սահմանված անձանց և դեպքերում: Այն կարգավորվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ փաստաբանների պալատի ներքին ակտերով:

Հանրային պաշտպանի գրասենյակի Արագածոտնի մարզի նստավայրը👇

Աշխատանքային այց Լոռու մարզի ՀՊԳ նստավայրում------------------2026 թվականի օգոստոսի 21-ին ՀՊԳ ղեկավար Գևորգ Մկրտչյանը հա...
24/08/2026

Աշխատանքային այց Լոռու մարզի ՀՊԳ նստավայրում
------------------

2026 թվականի օգոստոսի 21-ին ՀՊԳ ղեկավար Գևորգ Մկրտչյանը հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ աշխատանքային այցով գտնվել է Հանրային պաշտպանի գրասենյակի Վանաձորի նստավայրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի ու ՄԱԿ ՓԳՀ (UNHCR) համագործակցության ծրագրում ներգրավված փաստաբան Սերինե Մանասյանը:
Տեղի հանրային պաշտպանների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել եմ մի շարք գործնական և իրավակիրառ խնդիրներ, որոնք պահանջում են հստակ ու հետևողական լուծումներ:

Պաշտպանների գերծանրաբեռնվածություն. Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Լոռու մարզում մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկնում 399 գործ։ Այս ծանրաբեռնվածության և դատարանների հագեցած գրաֆիկի պայմաններում մեր գործընկերները հաճախ աշխատում են նաև ոչ աշխատանքային ժամերին և օրերին:

Էլեկտրոնային արդարադատության կիրառման խոչընդոտներ. Մտահոգիչ է վերադաս դատարանների կողմից էլեկտրոնային բողոքների վերադարձման պրակտիկան այն հիմնավորմամբ, որ բողոքին առանձին կցված չէ ֆիզիկական «էլեկտրոնային կրիչ», թեև փաստաթուղթն արդեն իսկ ստորագրված և ուղարկված է էլեկտրոնային եղանակով։ Նման կոշտ և ձևական պահանջները չեն բխում էլեկտրոնային արդարադատության նպատակներից։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցում միասնական և տրամաբանական մոտեցման ձևավորմանը։

Հանրային պաշտպանի ինստիտուտի դերի ընկալում. Նկատելի է պրակտիկա, երբ հանրային պաշտպանը վարույթն իրականացնող մարմինների կողմից ներգրավվում է զուտ այն նպատակով, որպեսզի վերջինիս մասնակցությամբ հաստատվի մեղադրյալի՝ նախկինում առանց փաստաբանի տված ցուցմունքը։ Հանրային պաշտպանի ինստիտուտի նմանօրինակ կիրառումն ու որպես ձևական ընթացակարգային տարրի ընկալումն անթույլատրելի են։
Անչափահասների գործերով նոր իրավակարգավորումների կիրառում. Ինչպես նկատել էինք նախորդիվ այցելած նաև այլ մարզերում, Լոռիում ևս վարույթն իրականացնող մարմինները դեռևս բավարար չափով չեն կիրառում անչափահասի նկատմամբ վարույթը կարճելու և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու օրենսդրական նոր հնարավորությունները։

Արձանագրված խնդիրների շուրջ մենք նախաձեռնելու ենք կառուցողական, բայց խիստ հետևողական գործընթացներ՝ ուղղված համակարգային լուծումների ապահովմանը: Մեր նպատակը շարունակում է մնալ քաղաքացիների համար որակյալ անվճար իրավաբանական օգնության երաշխավորումն ու պաշտպանի դերի և ինստիտուտի անկախության բարձրացումը։
------------------
Տե՛ս ՀՊԳ պաշտոնական կայքում
https://hpg.am/am/site/PublicAwarenessDetails/114

21/08/2026

Երևանում և մարզերում Հանրային պաշտպանները Ձեր կողքին են՝ վստահելի, անվճար և որակյալ իրավաբանական օգնությամբ⚖️

📌Անվճար իրավաբանական օգնությունն իրականացնում է Հանրային պաշտպանի գրասենյակը՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված մասնագիտական պաշտպանություն օրենքով սահմանված անձանց և դեպքերում: Այն կարգավորվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ փաստաբանների պալատի ներքին ակտերով:

Հանրային պաշտպանի գրասենյակի Արմավիրի և Էջմիածնի նստավայրերը👇

ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ․ Հանրային պաշտպանների հաղթանակները՝ Գործ №2390Արդարադատության իրական պատկերը հաճախ թաքնված է բարդ դատավարակա...
21/08/2026

ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ․ Հանրային պաշտպանների հաղթանակները՝ Գործ №2390

Արդարադատության իրական պատկերը հաճախ թաքնված է բարդ դատավարական պրոցեսների և հատորների մեջ։ Ամեն օր հանրային պաշտպաններն իրականացնում են հսկայական ու դժվարին աշխատանք՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով քաղաքացիներին և հասնելով արդարության հաղթանակի:

Որպեսզի հանրությանը ցույց տանք մեր պաշտպանների կատարած իրական աշխատանքն ու գործերի այն նրբությունները, որոնք շրջադարձային են լինում մարդկանց ճակատագրերում, սկսում ենք նոր շարք՝ նվիրված հանրային պաշտպանների կողմից շահած և արդարացված գործերի մասին։
Այսուհետ պարբերաբար կկիսվենք իրական պատմություններով՝ ներկայացնելով հանրային պաշտպանի աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը։ Եվ այսպես, ներկայացնում ենք մեր առաջին արդարացված գործը․

Անմեղության հաստատումը թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքի գործով` Գործ №2390

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչու՞մ էին մեղադրում․

Գործը վերաբերում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքին։ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար։ Նրան սպառնում էր ծանր պատիժ՝ ընդհուպ մինչև երկարատև ազատազրկում։

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները․

Հանրային պաշտպանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, պարզեց, որ այն հիմնված է ենթադրությունների վրա, ուստի որոշեց պաշտպանության ռազմավարությունը կառուցել՝ ապացույցների անբավարարության և մեղադրանքի հերքման վրա։ Հանրային պաշտպանը շեշտադրեց, որ գործում առկա ապացույցները բավարար չեն հիմնավորելու Գրասենյակի շահառուի մասնակցությունը կամ նախնական համաձայնությունը թմրամիջոցների շրջանառությանը։ Պաշտպանական կողմը կարողացավ հիմնավորել, որ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների վրա, իսկ շահառուի՝ քննությանն առնչություն ունենալու մասին հայտարարությունները չեն հաստատվել դատարանում հետազոտված ապացույցներով։

3. Մարդկային պատմությունը՝ հույս և պայքար․

Այս գործը յուրահատուկ էր նաև նրանով, որ Գրասենյակի շահառուն, ով գտնվում էր բուժման ընթացքում և փորձում էր հաղթահարել կյանքի դժվարին փուլը, հայտնվել էր իրավական անհիմն հետապնդման թիրախում։ Նրա անձնական պայքարը՝ առողջության վերականգնման և իրավունքների պաշտպանության համար, դարձավ գործի կարևոր հուզական կատեգորիաներից մեկը, որն ընդգծում էր պաշտպանության անհրաժեշտությունը։

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը․

Դատարանը, հիմք ընդունելով հանրային պաշտպանի ծանրակշիռ փաստարկները և արձանագրելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան, որոշեց՝ ճանաչել և հռչակել Գրասենյակի շահառուի անմեղությունը։ Դատարանն ընդգծեց, որ վերագրվող արարքը կատարված լինելու հանգամանքը ապացուցված չէ, իսկ առկա ողջամիտ կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։

Նշված գործով հաղթանակն ունեցել է հանրային պաշտպան Էդիկ Աղաբեկյանը:

https://hpg.am/am/site/PublicAwarenessDetails/108

ԳՈՐԾ №1575․ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՂՋԱՄԻՏ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՉՓԱՐԱՏՄԱՄԲ1.             Ինչի մասին էր գործը և ինչի էին մեղադրում....
21/08/2026

ԳՈՐԾ №1575․ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՂՋԱՄԻՏ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՉՓԱՐԱՏՄԱՄԲ
1. Ինչի մասին էր գործը և ինչի էին մեղադրում.

Գործը վերաբերում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու և սթափության զննությունից հրաժարվելու մեղադրանքին։ Գրասենյակի շահառուին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության զննությունից հրաժարվելը)։ Մեղադրանքը հիմնված էր պարեկային ծառայողների ցուցմունքների վրա, որի հիման վրա առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել՝ նշանակելով խոշոր չափի տուգանք։

2.Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները.

Հանրային պաշտպանը, ստանձնելով գործի պաշտպանությունը վերաքննիչ ատյանում, վիճարկեց մեղադրական դատավճռի հիմքում ընկած ապացույցների արժանահավատությունը։ Հանրային պաշտպանը փաստարկեց, որ մեղադրանքը կառուցված է եղել բացառապես ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք եղել են դեպքի անմիջական մասնակիցներ և շահագրգռված են եղել իրենց կողմից իրականացված վարչարարության արդարացմամբ։ Բացի այդ, ապացուցվեց, որ չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները օբյեկտիվ ապացույցներ՝ մասնավորապես տեսաձայնագրություններ ձեռք բերելու համար, ինչը հանգեցրել է հիմնավոր կասկածների։

3.Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար.

Այս գործը յուրահատուկ էր նրանով, որ Գրասենյակի շահառուն ի սկզբանե հայտնել էր, որ մեքենան չի վարել, և պնդել էր այդ դիրքորոշումը նույնիսկ այն ժամանակ, երբ դա իր համար իրավական բարդություններ էր ստեղծում։ Նրա համառությունը՝ չընդունելու իրեն չվերագրվող արարքը, դարձավ գործի կարևոր առանցքը, որը պաշտպանությանը հնարավորություն տվեց պայքարել մինչև վերջ։

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը․

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով հանրային պաշտպանի բողոքը, արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանը չի ապահովել ՄԻԵԴ նախադեպային որոշումներով սահմանված արդար դատաքննության երաշխիքները։ Դատարանը բեկանեց մեղադրական դատավճիռը, ճանաչեց և հռչակեց Գրասենյակի շահառուի անմեղությունը՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

Գործով հաղթանակն ապահովել է Հանրային պաշտպան Անահիտ Ասատրյանը:

https://hpg.am/am/site/PublicAwarenessDetails/113

28/05/2026

Address

Zakyan 7-2
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410600714

Alerts

Be the first to know and let us send you an email when Հանրային պաշտպանի գրասենյակ / The Public Defender's Office posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հանրային պաշտպանի գրասենյակ / The Public Defender's Office:

Shortcuts

Share