05/09/2019
Ինչու դիմել փաստաբանական ընկերությանը.
1.«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «փաստաբան» բառի, դրա բոլոր հոլովաձևերի կամ այդ բառը ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «փաստաբան» բառի օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը, բացառությամբ փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի և փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով փաստաբանի կողմից ստեղծվող կազմակերպությունների:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանն իր գործունեությունը կազմակերպելու համար կարող է ընտրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձև:
ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.3.3 ենթակետի համաձայն՝ փաստաբանին և փաստաբանական գրասենյակին արգելվում է կիսել իր հոնորարը փաստաբան չհանդիսացող անձի հետ, բացառությամբ փաստաբանական գրասենյակի ծախսերին ուղղված վճարումներին, ինչպես նաև փաստաբանական գործունեությունն իրականացնելու հետ կապված մասնագետներին հրավիրելու վճարումներին: Այն դեպքում, երբ փաստաբանական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպության մասնակից փաստաբանը իր բաժնեմասերը (բաժնետոմսերը) օտարել է փաստաբան չհանդիսացող անձի (բացառությամբ փաստաբանի ընտանիքի անդամների) կամ այդպիսի կազմակերպության բաժնեմասեր է ձեռք բերել, որտեղ, որպես մասնակիցներ կան նաև փաստաբան չհանդիսացող անձինք, ապա Պալատի նախագահի կողմից գրավոր նախազգուշացվելու պահից երեք ամսվա ընթացքում, պարտավոր է վերականգնել նախկին վիճակը:
Վերը հիշատակված կանոններից հետևում է, որ փաստաբանական կազմակերպություն է հանդիսանում այն առևտրային կազմակերպությունը, որի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի (փայերի) 100 տոկոսը պատկանում է փաստաբանին կամ փաստաբաններին:
Այս մոտեցումը հաստատվում է նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, որտեղ սահմանվել են կանոններ նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակի առնչությամբ, այն է՝
- փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ.
- փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Հիշյալ նորմերից էլ հետևում է, որ փաստաբանի անձեռնմխելիության (իմունիտետի) կանոնները տարածվում են նույն փաստաբանների ստեղծած կազմակերպությունների վրա:
Փաստաբանական կազմակերպության կանոնադրական կապիտալում փաստաբանների կողմից մասնակցությունը կարևորվում է նաև փաստաբանական գաղտնիքը պահպանելու տեսակետից: Եթե կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի ոչ փաստաբանը, ապա վերջինս, որպես բաժնետեր կամ մասնակից հնարավորություն կունենա ծանոթանալ նաև փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերին, իսկ որպես վկա հրավիրվելու ծանուցագիր ստանալու դեպքում չի կարողանա պաշտպանել փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները: