28/10/2016
«Շրջակա միջավայրին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի քննարկման գործընթացին հանրային մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի քննարկում
«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-նիրականացրելէ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագիրը: Այն իրականացվել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:
«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրի գործընկերներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:
Ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում մշակվել է «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի քննարկման գործընթացին հանրային մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթերի փաթեթով։
Հիմք ընդունելով մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից որոշակի ուշացմամբ ներկայացված դիտողությունները և առաջարկները՝ ս.թ. հոկտեմբերի 20-ին «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել էր ևս մեկ քննարկում՝ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացնելու համար Նախագծում կատարված փոփոխությունների և լրամշակումների վերաբերյալ։
Քննարկումը բացեց ՇՄԻՊԿ ՀԿ նախագահ, էկոլոգիական իրավունքի պրոֆեսոր Ա.Բ. Իսկոյանը, ով ներկայացրեց Նախագծի մշակման գործընթացը և լրամշակման հիմնական մոտեցումները
Ծավալված քննարկումների առանցքում այն հարցն էր, թե արդյո՞ք Նախագիծը պետք է սահմանի հանրային մասնակցության պայմանները նաև շրջակա միջավայրին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի մշակման այն փուլում, երբ դա դեռևս չի շրջանառվել։ Նախագծի հեղինակները նշեցին, որ Նախագծերի պաշտոնական շրջանառմանը նախորդող փուլում հանրության անդամների, և հատկապես՝ մասնագիտացված կազմակերպությունների մասնակցությունը խիստ ցանկալի է, սակայն այդ հարաբերությունները դուրս են Օրհուսի կոնվենցիայի 8-րդ հոդվածի կարգավորման առարկայից։ Միաժամանակ, պրոֆ․ Իսկոյանը տեղեկացրեց, որ, կարևորելով հիշյալ խումբ հարաբերությունների իրավական կարգավորումը, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը դեռևս 2011 թվականին մշակել և ՀՀ բնապահպանության նախարարություն էր ներկայացրել համապատասխան նախագիծ, որն այդպես էլ ընթացք չի ստացվել։ Նշված կապակցությամբ համաձայնություն ձեռք բերվեց հիշյալ Նախագիծը կրկին վերամշակել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների և ակադեմիական կառույցների մասնակցությամբ և կրկին ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն։ Նշված նախագծի ներկայացումը կհաջորդի «Շրջակա միջավայրին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի քննարկման գործընթացին հանրային մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելուն։
Իրենց ամփոփիչ ելույթներում ներկաները միաձայն փաստեցին, որ Նախագծի ընդունումը էական քայլ կլինի Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի 8-րդ հոդվածի իրականացման ճանապարհին, հատկապես Կոնվենցիայի Կողմերի 6-րդ հանդիպման նախաշեմին։