10/08/2026
📌 Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting
❗️❗️❗️ ՔԱՂՎԱԾՔ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ
Հանձնաժողովը, լսելով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների և ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանց բերված փաստարկները, ուսումնասիրելով սույն գործում առկա ապացույցները, եկավ այն եզրակացության, որ դիմում-բողոքը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես, տվյալ դեպքում Ակտում մատնանշված իրավանորմերի և ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք հանգել են այն եզրակացության, որ ընկերությունն իր նախաձեռնությամբ, հրապարակային օֆերտայի պայմաններով ստանձնել է պարտավորություն՝ Visa Vision Reward քարտերի քարտապան հանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրել «Cashback»-ի տեսքով դրամական միջոցներ, մինչդեռ քարտապան հանդիսացող ֆիզիկական անձինք չունեն ստանձնած որևէ պարտավորության կատարում ընկերության նկատմամբ, և քանի որ քարտապանն ինքն է որոշում գործարքի դիմաց վճարումը տվյալ քարտի միջոցով կատարելը, ուստի ընկերության կողմից թողարկված Visa Vision Reward քարտի քարտապաններին «Cashback»-ի տեսքով դրամական միջոցների տրամադրումը համարվում է ակտիվների անհատույց տրամադրում:
Հանձնաժողովը գտնում է, որ քննարկվող դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Բանկի կողմից Visa Reward քարտատերերին տրված հետվճարները (Cashback) որպես անհատույց ակտիվների տրամադրում դիտարկելը, ըստ էության, հիմնավոր չէ, քանի որ Բանկի կողմից հետվճարը տրամադրվել է շուկայում առաջխաղացման համար, մասնավորապես՝ Visa Reward քարտատեսակը խթանելու և տվյալ քարտատեսակի գծով ստացվելիք եկամուտները ավելացնելու նպատակով, ինչպես նաև նոր հաճախորդներ ներգրավելու, որոնք հետագայում կօգտվեն բանկի այլ ծառայություններից և բանկին կապահովեն ավելի շատ եկամուտներ:
Բացի այդ, Հանձնաժողովը հաշվի առնում նաև ՀՀ վարչական դատարանի «21» դեկտեմբերի 2020թ. (վարչական գործ թիվ ՎԴ/10458/05/19) օրինական ուժի մեջ մտած վճռով արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ հետվճարը Բանկի կողմից շուկայում առաջխաղացման համար կատարված, ծառայությունների իրացման հետ կապված՝ մարքեթինգային ծախս է: Նույնիսկ մարքեթինգային ծախս չդիտարկվելու դեպքում հետվճարը Բանկի կողմից եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախս է, որը ենթակա է համախառն եկամտից նվազեցման:
Իր հերթին, սույն գործում առկա փաստական տվյալների և ապացույցների ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ տվյալ դեպքում հստակ կանոնակարգված և թափանցիկ երևում է Բանկի կողմից ակնկալվող եկամտի ստացման նպատակով համապատասխան Բանկի կողմից ըստ էության մարկետինգի ծախսերի կատարված լինելու հանգամանքը, քանի որ հայտնի է, թե կոնկրետ ում և ինչ նպատակով են վճարվել հետվճարները՝ պահպանելով նաև սահմանված կանոնները՝ Visa Reward քարտով անկանխիկ գնումներ կատարելու դիմաց տեղական գործարքների համար 0.25% հետվճար ստանալու և արտասահմանյան գործարքների համար 0.5% հետվճար ստանալու: Այսինքն, տվյալ դեպքում Բանկի կողմից կատարվել են ձեռնարկատիրական՝ մարկետինգի ծախսեր, որոնք հստակ հիմնավորվում են կատարված հրապարակային օֆերտաներով և հաշվառման տվյալներով, ինչպես նաև հայտնի է, թե կոնկրետ որ ֆիզիկական անձանց են վճարվել հետվճարները:
Միևնույն ժամանակ, սույն գործով որոշում կայացնելիս Հանձնաժողովը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Բանկի կողմից տրամադրված հետվճարի գումարները սահմանված կարգով հարկվել են եկամտային հարկով, ինչպես նաև հետվճարի գծով ծախսերը փաստաթղթավորված են ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:
Ելնելով ամբողջ վերոգրյալից՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ դեպքում դիմում-բողոքը ենթակա է բավարարման:
Հիմք՝ 👇👇👇
www.src.am/storage/appealStatistics/170_vr_bh_2026_12_02_Evocabank_B.pdf