15/03/2026
📎Հայաստանում կարող է սահմանափակվել հետախուզվող պարտապանի՝ երկրից դուրս գալու իրավունքը, եթե դատական ակտը հնարավոր չէ կատարել առանց նրա անձնական մասնակցության: «Կատարողական վարույթի մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել 2026թ. հունվարի 1-ից:
«Կատարողական վարույթի մասին» օրենքն ընդունվել է 2024թ. ապրիլի 11-ին:
📌Նոր կարգավորմամբ՝ հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է հետախուզվող անձի ելքի իրավունքը երկրից, եթե դատարանը նման որոշում է կայացրել:
📒Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին:
📌Նման որոշում կարող է կայացվել միայն ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտի դեպքում: Այսինքն՝ ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։
📌Օրինակ, եթե քաղաքացին չի կատարել իր դրամական պարտավորությունները, ապա երկրից դուրս գալու նրա իրավունքը չի կարող սահմանափակվել, բայց եթե ծնողներից մեկը դատական ակտով պարտավորվել է ապահովել իր մոտ ապրող երեխայի տեսակցությունը մյուս ծնողի հետ, ապա այս դեպքում կարող է սահմանափակվել պարտապան ծնողի ելքի իրավունքը, քանի որ առանց ֆիզիկական ներկայության հնարավոր չէ ապահովել ծնողի ու երեխայի շփումը:
Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա: Որոշումը կայացնում է դիմումը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
ՀՀ տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Նույն ժամկետում էլ հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալները, Կառավարության սահմանած կարգով, մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ: